ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Իրանը նոր ուղերձներ չի փոխանցել Միացյալ Նահանգներին, բայց անընդհատ աշխատում է արևմտյան պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Թեհրանը, իբր, Վաշինգտոնին խնդրում է վերացնել Իսլամական Հանրապետության դեմ գործող պատժամիջոցները:
«Իրանը ոչ մի ուղերձ չի փոխանցել ԱՄՆ-ին, բայց մենք մշտապես աշխատում ենք պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ... Իրանի կառավարության և դիվանագիտական գերատեսչությունների բոլոր գործողություններն ուղղված են պատժամիջոցները չեղարկելուն, բայց մենք ոչ մի ուղերձ չենք փոխանցել, քանի որ բանակցություններն արդեն ընթանում էին և դրական արդյունք չունեցան», - ասել է Լարիջանին:
Սեպտեմբերի վերջին վերականգնվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 2015 թվականի միջուկային գործարքով չեղարկված բանաձևերը, որոնք պատժամիջոցներ էին նախատեսում Իրանի դեմ։ Միջազգային սահմանափակումների վերականգնման նախաձեռնողները Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան են։
Սահմանափակումները ենթադրում են Իրանին միջուկային գործունեության հետ կապված տեխնոլոգիաների և նյութերի մատակարարման, երկրին սովորական ծանր սպառազինությունների և բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիաների փոխանցման արգելքներ, ինչպես նաև Իրանի արտասահմանյան ակտիվների սառեցում: