ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիային սպառնացել է դատական հայցով՝ ընկերության հեռուստաալիքի «Panorama» վավերագրական հաղորդման շրջանակում իր ելույթը խեղաթյուրելու պատճառով: Այս մասին հայտնել է BBC-ն։
«Նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայցի սպառնալիքով նամակ է հղել BBC-ին։ BBC-ն հաստատում է, որ ստացել է այդ նամակը և կպատասխանի պատշաճ ժամկետում», - ասված է հաղորդագրությունում։
«The Telegraph» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ BBC-ն խեղաթյուրել է Թրամփի՝ 2021 թվականի հունվարին հնչեցրած ելույթը։ Հեռուստաընկերության հաղորդումից տպավորություն է ստեղծվում, թե քաղաքական գործիչը խրախուսում է Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգությունները:
BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և գործադիր տնօրեն Դեբորա Թերնեսը 2024 թվականին «Panorama» վավերագրական ծրագրով հեռարձակված հաղորդման քննադատությունից հետո նոյեմբերի 9-ին հայտարարել էին, որ հրաժարական են տալիս։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը հայտարարել էր, որ BBC-ն կեղծ լրատվամիջոց է: Ինքը՝ Թրամփը, նոյեմբերի 9-ին BBC-ի լրագրողներին անվանել էր կոռումպացված, իսկ կորպորացիայի ղեկավարությունը՝ անազնիվ: