ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում ու արևելքում գտնվող «Հզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Զինվորականները նշել են, որ Լիբանանի հարավում հարձակման է ենթարկվել «Հզբոլլահի» այն օբյեկտը, որտեղից ավելի վաղ հրթիռակոծվել էր Իսրայելը, և որտեղ վերջին ամիսներին գրանցվել էր «Հզբոլլահի» անդամների ակտիվություն:
ՑԱԽԱԼ-ի փոխանցմամբ՝ Բեկաայի շրջանում հարվածներ են հասցվել ռազմավարական զենքի արտադրության և պահպանման օբյեկտներին:
««Հզբոլլահի» ենթակառուցվածքի ներկայությունն ու գործողություններն այդ շրջաններում Իսրայելի և Լիբանանի միջև պայմանավորվածությունների խախտում են», - հայտարարել է ՑԱԽԱԼ-ը:
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել իրենց երկրի ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին՝ մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու նպատակով: Իսրայելը բազմիցս ասել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին, որպեսզի չեզոքացնի «Հզբոլլահի» դիմադրությունից բխող սպառնալիքը: