ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները պետք է փոխգործակցեն պաշտպանական ձեռնարկությունների համար կադրերի պատրաստման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ, ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահ Դենիս Մանտուրովը Աստանայում հանձնաժողովի XXIII նիստի բացման ժամանակ։
«Կարևոր է ձևավորել գիտակրթական հաստատությունների համագործակցություն, ինչպես նաև ուսանողների համար արտոնյալ պայմաններով ուսուցման պարզեցված մեխանիզմներ։ Այս ուղղությամբ համատեղ աշխատանքի մոտեցումներն ամփոփվել են առանձին համաձայնագրով, որի նախագիծն այսօր դրվել է հանձնաժողովի քննարկմանը», - ասել է նա։
Մանտուրովը նշել է, որ ՀԱՊԿ երկրները պետք է զարգացնեն երկխոսության նոր ձևաչափերը, մասնավորապես, խրախուսեն կոնգրես-ցուցահանդեսային միջոցառումների անցկացման պրակտիկան:
ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մինսկում՝ «Ազգային անվտանգություն. Բելառուս-2026» միջազգային ցուցահանդեսի գործնական ծրագրի շրջանակներում։