ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. 24 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրիմեն: Տեղեկությունը նշված է 1lurer.am–ի տեսանյութում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այդ նպատակով կդիմի Վրաստանի իրավասու մարմիններին, քանի որ Պողոս Պողոսյանը հուղարկավորված է Ջավախքում:
Արտաշիրիմում անելու որոշումը դատավոր Կարեն Ֆարխոյանը կայացրեց` բավարարելով հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանի միջնորդությունը: Ըստ դատախազի՝ ի հայտ եկած նոր հանգամանքները կարող են հանգեցնել եզրակացության, որ կատարվել է դիտավորյալ սպանություն:
Այս միջնորդությունը Մնացականյանը դատարան էր ներկայացրել այս տարվա սեպտեմբերի 11–ին` պնդելով, որ գործի նյութերում առկա չեն եղել դիակի հստակ լուսանկարներ, մինչդեռ այս գործով ականատես վկա Սթիվեն Նյուտոնը մայիսի 16–ին ցուցմունք էր տվել` նշելով, որ դեպքի օրը` 24 տարի առաջ, երբ զուգարան է մտել, Պողոսյանն արդեն մահացած է եղել, դեմքը ուռած, ճակատին՝ մեծ վնասվածք:
Մեղադրող Մնացականյանի միջնորդությամբ և դատարանի որոշմամբ ընտրվել են նաև փորձագետներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն Պողոսյանի դին արտաշիրիմելուն ու փորձաքննությանը:
Հիշեցնենք, որ Պողոսյանի սպանության համար 2001–ին մեղավոր էր ճանաչվել ՀՀ ԱԱ նախարարության աշխատակից Աղամալ Հարությունյանը` հանցավոր անփութությամբ անզգուշ սպանություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի` ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոսյանի ու Հարությունյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը ընկել է, գլուխը հարվածել զուգարանի սալիկապատ հատակին և ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել:
Դատարանի` 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել էր 2 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով: