ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգ չի տվել սկսել միջուկային փորձարկումների նախապատրաստումը, նախ պետք է հասկանալ դրանց նպատակահարմարությունը: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դեռ պիտի հասկանանք՝ արդյոք մեզ պե՞տք է դա անել։ Դա շատ լուրջ, հիմնավորված, ճշտված որոշում պետք է լինի։ Հենց դրանով էլ հիմա զբաղվելու են մեր մասնագետները»,-Պեսկովի խոսքերը փոխանցում է «Վեստի» տելեգրամյան ալիքը։
Նրա խոսքով՝ հնարավոր միջուկային փորձարկումների մասին որոշումը պետք է ստույգ լինի։ Միևնույն ժամանակ, Պեսկովը կոչ է արել ԱՄՆ-ին պարզաբանել միջուկային փորձարկումների վերսկսման մասին Թրամփի խոսքերը:
«Մենք հաստատ գիտենք, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Չինաստանը չեն զբաղվում միջուկային զենքի փորձարկմամբ։ Ուստի հարց է առաջանում՝ արդյոք ԱՄՆ նախագահի՝ սեփական միջուկային փորձարկումները վերսկսելու մասին որոշումը նշանակում է, որ Միացյալ Նահանգները դուրս կգա միջուկային փորձարկումները համապարփակ արգելելու իր պարտավորություններից, և արդյոք նրանք իսկապես մտադի՞ր են իրականացնել այդ միջուկային փորձարկումները», - հավելել է նա։
Պեսկովը նաև հիշեցրել է Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը հավատարիմ է միջուկային փորձարկումներն արգելելու իր պարտավորություններին: