ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի բուժումը համակարգված կերպով մերժվում է։ Նման հայտարարություն է իր սոցցանցում տարածել Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Նրա խոսքով` անգամ մերժվել է անձնական բժշկի մուտքը քրեակատարողական հիմնարկ՝ նրան բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։
«Արդյունքում, Վարդան Ղուկասյանն արդեն 48 ժամ զրկված է պահանջված և անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու իր իրավունքից։ Ակնհայտ է, որ պարոն Ղուկասյանի դեմ հարուցված քրեական վարույթը և նրա նկատմամբ կիրառված կալանքը հետապնդում են ոչ թե արդարադատության, այլ քաղաքական հաշվեհարդարի նպատակ։ Դրանք ուղղված են ոչ միայն նրան քաղաքական կյանքից մեկուսացնելուն, այլև զրկելուն իր հիմնական՝ կյանքի իրավունքից»,– նշել է Զարուհի Փոստանջյանը։
Ըստ Փսոստանջյանի` բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունը փաստում է, որ Վարդան Ղուկասյանն ունի անհապաղ և մասնագիտացված բուժման անհրաժեշտություն, իսկ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ում չկան այն մասնագետները՝ սրտաբան և էնդոկրինոլոգ, ովքեր կարող են վերահսկել Վարդան Ղուկասյանի հիվանդության ընթացքը։
Նշենք, որ նոյեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Վարդան Ղուկասյանին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից տեղափոխել են հիվանդանոց։ Նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտնել էր, որ Վարդան Ղուկասյանը շաքարային դիաբետ ունի, որը հասել է մինչև 19, և կորոնարոգրաֆիայի կարիք կա։ Նոյեմբերի 7–ին նրան կրկին տեղափոխել էին ՔԿՀ։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։
Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ նրան նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։