Փլատակները դեռ երկար պետք է մաքրել. Լավրովը՝ ԱՄՆ-ի հետ շփումների մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. Արխիվային լուսանկար
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ուկրաինայի հարցի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանավեճն ընդգրկում է թեմաների լայն շրջանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Մոսկվան չի բացահայտում Ուկրաինայի հարցով Վաշինգտոնի հետ քննարկումների բոլոր մանրամասները: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հասկանալի պատճառներով մենք չենք բացահայտում ուկրաինական հարցի շուրջ ամերիկյան կողմի հետ քննարկումների բոլոր մանրամասները, թեև երբ ԶԼՄ-ներում բացահայտ ֆեյքեր են հայտնվում, բնականաբար, համապատասխան մեկնաբանություններ անում ենք », - ասել է նախարարը:
Նա նշել է, որ երկկողմ օրակարգի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունն ընթանում է, բայց ոչ ցանկալի արագությամբ: Սակայն Թրամփի վարչակազմի դեպքում զգացվում է երկխոսությունը վերսկսելու պատրաստակամությունը։
«Ռուս-ամերիկյան հարաբերություններում զգայուն հարցերը շատ են, դրանք ժառանգել ենք ԱՄՆ նախորդ վարչակազմից։ Փլատակները դեռ երկար պետք է մաքրենք», – հավելել է Լավրովը։
Նա պարզաբանել է, որ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանավեճն ընդգրկում է թեմաների լայն շրջանակ և չի հանգում մեկ կետի: Նախարարի խոսքով՝ Մոսկվան այժմ սպասում է, որ Վաշինգտոնը հաստատի Ուկրաինայի հարցով Ալյասկայում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հրատապությունը:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի անքորիջյան պայմանավորվածությունները հարցականի տակ չեն դնում 2014 և 2022 թվականների հանրաքվեների արդյունքը և Ղրիմի, Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչների ընտրությունը:
«Եվս մեկ անգամ կրկնեմ՝ հակամարտության ավարտն անհնար է առանց հաշվի առնելու Ռուսաստանի շահերը և արմատախիլ անելու կոնֆլիկտի սկզբնապատճառները։ Ինչ վերաբերում է Ղրիմին և Սևաստոպոլին, ապա թերակղզու բնակիչները դեռևս 2014 թվականի մարտին հանրաքվեով իրացրել են իրենց ինքնորոշման իրավունքը՝ արտահայտվելով Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին: Այնպես որ թերակղզու պատկանելության հարցը մեզ համար փակված է», - հավելել է նա։
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2026 թվականի փետրվարից հետո Ռազմավարական հարձակողական սպառազինության մասին պայմանագրով ամրագրված սահմանափակումները շարունակելու վերաբերյալ առաջարկին, ապա, Լավրովի խոսքով, դրան Վաշինգտոնից դեռ բովանդակային արձագանք չեն տվել:
«Մեզ դիվանագիտական խողովակներով փոխանցել են, որ հարցը դիտարկվում է։ Չենք պատրաստվում ոչ ոքի համոզել։ Կարծում ենք, որ մեր առաջարկած քայլը բխում է երկու կողմերի և ամբողջ միջազգային հանրության շահերից։ Պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, սակայն հույս ունենք, որ արդյունքը դրական կլինի», - ասել է Լավրովը։
Անդրադառնալով Արևմուտքի՝ հօգուտ Ուկրաինայի ռուսական ակտիվներն առգրավելու ծրագրերին՝ ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ սառեցված ակտիվները խլելու օրինական միջոց գոյություն չունի:
«Այդ գործողությունները բացահայտ խաբեություն և կողոպուտ են։ Ըստ երևույթին, գաղութարարների և ծովահենների վաղեմի բնազդները արթնացել են եվրոպացիների մեջ... Բրյուսելում և արևմտյան այլ մայրաքաղաքներում դեռ կարող են խելքի գալ և հրաժարվել ծրագրվող արկածախնդրությունից», - ասել է նա։
«Մոսկվան, փոխադարձության սկզբունքին համապատասխան, ելնելով ազգային շահերից և մեզ հասցված վնասը փոխհատուցելու անհրաժեշտությունից, համարժեք պատասխան կտա ցանկացած թալանչի գործողության», -հայտարարել է Լավրովը։
Ռուսաստանի սառեցված ակտիվների առգրավումը, ըստ ՌԴ արտգործնախարարի, չի փրկի Ուկրաինան, Կիևը չի կարողանա հատուցել իր պարտապաններին և երբեք չի վերադարձնի վարկերը:
Լավրովը խոսել է Պուտինի և Թրամփի պայմանավորվածությունների իրագործման մասին