ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Ավելի քան 5 մլրդ դոլարի ամերիկյան զենքի արտահանումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, ինչը հաճախ ուղարկվում է Ուկրաինա, ԱՄՆ-ում շաթդաունի պատճառով հետաձգվել է։ Այս մասին հաղորդում է «Axios» պորտալը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտին:
«Արտահանման վերջին կանգառը հայտնի չէ, բայց ՆԱՏՕ-ի դաշնակիցներին զենքի մատակարարումները հաճախ ուղարկվում են Ուկրաինա օգնելու համար», - ասվում է պորտալի հաղորդագրության մեջ:
Ինչպես «Axios»-ին պատմել է ԱՄՆ Պետդեպարտամենտի անանուն պաշտոնյան, անդրադարձ է կատարվել զենքի, այդ թվում՝ «AMRAAM» հրթիռների, «Aegis» համակարգերի և «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարմանը ամերիկյան այնպիսի դաշնակիցներին, ինչպիսիք են Դանիան, Խորվաթիան և Լեհաստանը: Պաշտոնյայի խոսքով՝ հետաձգված գործարքները ներառում են ինչպես Միացյալ Նահանգների կառավարությունից անմիջապես ՆԱՏՕ-ի դաշնակիցներին զենք վաճառելը, այնպես էլ մասնավոր ամերիկյան ռազմական ընկերություններին զենք արտահանելու լիցենզիաներ տրամադրելը:
Պորտալի տվյալներով՝ զենքի արտահանման վերահսկողության մասին օրենքը Կոնգրեսին պարտավորեցնում է դիտարկել սպառազինության վաճառքի առաջարկները, իսկ Պետդեպարտամենտի շատ աշխատակիցներ, որոնց պարտականությունների մեջ են մտնում Կոնգրեսի կոմիտեներին տեղեկացնելը և գործընթացի ավարտն ապահովելը, ուղարկվել են չվճարվող արձակուրդի, ինչը հանգեցրել է աշխատանքի տեմպերի դանդաղեցմանը:
ԱՄՆ-ում հոկտեմբերի 1-ին սկսվել է նոր ֆինանսական տարին, ընդ որում՝ Կոնգրեսը չի հասցրել համաձայնեցնել բյուջեն, և կառավարությունն այժմ չի կարող աշխատել: Նման իրավիճակը Միացյալ Նահանգներում ենթադրում է ուղղակիորեն Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող մի շարք պետական մարմինների աշխատանքի դադարեցում, քանի որ հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն համաձայնեցված չէ, ինչը հազվադեպ իրավիճակ չէ: