Վարդան Ղուկասյանը զրկված է իրեն բուժող բժշկի հետ տեսակցելու հնարավորությունից. Փոստանջյան

Գյումրու քաղաքապետի առողջական վիճակի վատթարացումն անհանգստացրել է նաև Գյումրու ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ղեկավարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Արդեն 20–րդ օրն է` մեկուսարանում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը զրկված է իրեն բուժող բժշկի հետ տեսակցելու և համապատասխան խորհուրդներ ստանալու հնարավորությունից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Նշենք, որ նոյեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Վարդան Ղուկասյանին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից տեղափոխել են հիվանդանոց։ Նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտնել էր, որ Վարդան Ղուկասյանը շաքարային դիաբետ ունի, որը հասել է մինչև 19, և կորոնարոգրաֆիայի կարիք կա։
«Հիվանդանոցում նրան ցույց են տվել համապատասխան օգնություն, բայց դա չի նշանակում, որ պացիենտն արդեն առողջ է։ Քրեակատարողական ծառայությունը պարտավոր էր հոգալ նրա ապագա բուժումը, ինչն այս պահին փաստացի չի արվում»,– ասաց Փոստանջյանը։
Նա նշեց, որ այս պահին գնում է «Երևան Կենտրոն» ՔԿՀ` տեսակցելու իր պաշտպանյալին։
«Գնում եմ, որպեսզի նաև իրեն բուժող բժիշկը հնարավորություն ունենա իրեն հետազոտել։ Նա ունի սրտի հիվանդություն ու շաքարային դիաբետ, այս երկու մասնագետների մշտական հսկողության տակ պետք է լինի»,– ասաց պաշտպանը։
Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ օրեր առաջ Վարդան Ղուկասյանի վիճակը կտրուկ վատացել էր հենց մասնագիտացված բժիշկների վերահսկողությունից դուրս մնալու պատճառով։
Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի վատթարացումն անհանգստացրել է նաև Գյումրու ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ղեկավար Լուսինե Անանյանին։ Նա սոցիալական ցանցերում գրառում է արել` պահանջելով հրավիրել դատական հրատապ նիստ, ներկայացնել և ուսումնասիրել Վարդան Ղուկասյանի խցի պայմանները և պարտավորեցնել համապատասխան մարմիններին՝ ապահովել Ղուկասյանի համար մարդկային և առողջական պահանջներին համապատասխան պայմաններ։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։
Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ նրան նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։