ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Շվեդիայում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունն այսօր կրկին ենթարկվել է դրոնի հարձակման, որի վրայից ներկ է նետվել: Այս մասին հայտնել է Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատունը:
«Նոյեմբերի 8-ի վաղ առավոտյան դրոնը ներկ է նետել Ստոկհոլմում գտնվող Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության տարածք»,- ասվում է Telegram-ալիքում:
Նշենք, որ 2024-ի մայիսից ի վեր Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան և առևտրային առաքելության հետ կապված նմանատիպ միջադեպերի թիվը գերազանցել է երկու տասնյակը։
«Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են»,- հավելել են դեսպանատնից։
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան վրա ներկով դրոնի նախորդ հարձակումը կատարվել էր սեպտեմբերի 7-ին: Հարձակումների թիրախներից մեկը դարձել է բնակելի շենքին և դպրոցին կից տարածքը։ Հարձակումների համար օգտագործվել են նաև վտանգավոր ապակե տարաներ, որոնք կարող էին հանգեցնել վնասվածքների։
Դիվանագետների խոսքով՝ շվեդական ոստիկանությունը չի գտել դեսպանատան և առևտրային ներկայացուցչության վրա հարձակումների մեղավորներին և վստահեցնում է, որ շարունակում է հետաքննությունը, սակայն այն արդյունք չի տալիս: