ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Կամո Սահակյանը։
Նա նշել է, որ նախկին պաշտոնյան այս անգամ մեղադրվում է լիազորությունները չարաշահելու մեջ:
Ըստ մեղադրանքի՝ Միքայել Հարությունյանը պաշտոնավարման շրջանում բնակարան է հատկացրել Մանվել Գրիգորյանի եղբորորդուն` 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին, չնայած, որ մինչև այդ վերջինս արդեն 10 միլիոն դրամ էր ստացել բնակարանային պայմանները բարելավելու համար:
«2008 թ–ի փետրվարին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալը դիմում է հասցեագրել պաշտպանության նախարարին, որում ներկայացրել է, որ հատկացված 10 մլն դրամը բավարար չէ իր բնակարանային կարիքները բավարարելու համար։ Նա խնդրել է իրենից հետ վերցնել 10 մլն դրամը և իրեն հատկացնել 3 սենյականոց բնակարան»,– նշում է քննիչը։
Նրա դիմումը բավարարվել է բնակարանային հանձնաժողովի կողմից, բնակարանը հատկացվել է, սեփականաշնորհվել է, բայց գումարը ՊՆ–ին չի վերադարձվել։ 10 մլն դրամը նախարարությանն է փոխանցվել միայն վարույթի հարուցումից հետո։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետի նախկին տեղակալ Էնրիկո Ապրիամովին, որը եղել է ՊՆ–ի բնակարանային հանձնաժողովի անդամ, ինչպես նաև բնակարանային հանձնաժողովի մյուս 4 անդամները։ Միքայել Հարությունյանի և հանձնաժողովի` Հայաստանից բացակայող ևս մեկ անդամի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել նաև 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու համար, նա հեռակա կարգով դատապարտվել էր կալանքի, նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել:
Սակայն 2018 թվականին Հայաստանի ոստիկանությունը հայտարարեց, որ ռուսական կողմից գրավոր ծանուցում է ստացել Հարությունյանի նկատմամբ հետախուզությունը դադարեցնելու մասին: Նշենք, որ նախկին նախարարը նաև ՌԴ քաղաքացի է։
2021թ–ի ապրիլի 9-ին նա փոստային առաքման միջոցով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Հաղորդման համար հիմք էր հանդիսացել այն փաստը, որ նախաքննություն իրականացնող մարմինը, անտեսելով ՀՀ ՍԴ որոշումը, ըստ որի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր, շարունակում է այդ հոդվածով քրեական հետապնդում իրականացնել Միքայել Հարությունյանի նկատմամբ։