ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանը և ՋԿ նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն աշխատանքային այցով մեկնել են Սյունիքի մարզում ջրային ենթակառուցվածքների խնդիրները հասկանալու և առկա համակարգերի բարելավման ծրագրերը քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՋԿ պաշտոնյաներն այցելել է «Սյունիք» ջրօգտագործողների ընկերություն (ՋՕԸ), ապա շրջել «Սյունիք» ՋՕԸ-ի ենթակայությամբ գործող Մեղրու, Կապանի, Գորիսի և Սիսիանի տեղամասերով, այցելել այդ բնակավայրերը սպասարկող պոմպակայաններ։
Ջրային կոմիտեի պաշտոնյաները հանդիպել են Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամների, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ։
«Մեղրիում կազմակերպվել է շրջայց Ալվանք, Շվանիձոր և Նռնաձոր բնակավայրերը սպասարկող պոմպակայաններ, ինչպես նաեւ հանդիպումներ ջրօգտագործողների հետ՝ նոր հիմնված այգիներում»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ղալամքարյանն ու Նալբանդյանը եղել են նաև Լիճքի ջրամբարի տարածքում, որը նախատեսված է կառուցել Հանրային ներդրումային կոմիտեի վերջերս հաստատած ջրամբարաշինության 5 նախագծերից մեկի շրջանակում։
Հիշեցնենք, որ 2024թ․ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այդ պահին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանը հայտարարել էր, թե 2025 թվականին Հայաստանում 5 փոքր ջրամբարների շինարարություն կսկսվի։ Նա նաև հայտնել էր, որ պատրաստ են նաև 28 շատ փոքր ջրամբարների նախագծերը։ Փոքր ջրամբարներն օգնում են կարգավորել խոշոր ջրամբարներից դեպի ջրանցքներ ջրի մատակարարումը:
2025թ–ի հոկտեմբերի 31–ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ 5 ջրամբարները Հանրային ներդրումային կոմիտեի կողմից արժանացել են դրական եզրակացության, նախագծերը պատրաստ են, և 2026թ․ կսկսվեն Քասախի, Ելփինի, Լիճքի, Արթիկի և Աստղաձորի ջրամբարների շինարարական աշխատանքները։