ԵՀ–ն չի կարողացել համոզել, որ Բելգիան համաձայնի ՌԴ սառեցված ակտիվների օգտագործմանը

Քանի որ ռուսական ակտիվների մեծ մասը՝ ավելի քան 200 մլրդ եվրո, պահվում է բելգիական Euroclear դեպոզիտարիայում, հենց Բելգիայի վրա է առավել մեծ ճնշում գործադրվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Բելգիան շարունակում է դիմակայել Եվրահանձնաժողովի ճնշմանը, որը ձգտում է Բրյուսելի համաձայնությունը ստանալ Ուկրաինայի ֆինանսավորման համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Belga գործակալությունը։
Նշվում է, որ նոյեմբերի 7–ին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել բելգիական պատվիրակության հետ, սակայն բանակցությունները թույլ չեն տվել վերացնել իրավական և ֆինանսական մտահոգությունները, որոնք ավելի վաղ հայտնել էր Բելգիան:
ՌԴ ակտիվների հարցով Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան ճնշում են ԱՄՆ–ին և Ճապոնիային. Politico
Եվրահանձնաժողովը պնդում է, որ մոտ 140 մլրդ եվրոյի սառեցված ակտիվները որպես «վերականգնողական վարկ» օգտագործվեն Կիևի համար։ Ուկրաինան, ըստ պլանի, պետք է վերադարձնի այդ միջոցները հակամարտության ավարտից և Ռուսաստանի կողմից վնասի հնարավոր փոխհատուցումից հետո: Սակայն, Belga-ի տվյալներով, նախաձեռնությունը փաստացի կապված է այն բանի հետ, որ Եվրամիությունը սպառել է Ուկրաինային աջակցելու համար հասանելի ռեսուրսները, իսկ անդամ պետությունները պատրաստ չեն միջոցներ հատկացնել սեփական բյուջեներից:
Քանի որ ռուսական ակտիվների մեծ մասը՝ ավելի քան 200 մլրդ եվրո, պահվում է բելգիական Euroclear դեպոզիտարիայում, հենց Բելգիայի վրա է առավել մեծ ճնշում գործադրվում։
Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերը ԵՄ-ի հոկտեմբերյան գագաթնաժողովում հայտարարել է, որ Եվրահանձնաժողովն այդպես էլ չի ներկայացրել իրավաբանորեն հիմնավորված առաջարկ, որը կերաշխավորի երկրի շահերի և նրա հեղինակության պաշտպանությունը: Վեվերի խոսքով՝ ակտիվների հնարավոր բռնագրավումը ռիսկեր կստեղծի ամբողջ աշխարհում ներդրողների համար և կարող է ձգձգված դատական գործընթացների հանգեցնել Բելգիայի դեմ:
Բելգիան դեմ է ՌԴ–ի սառեցված ակտիվները բռնագրավելու գաղափարին
Դե Վեվերն ընդգծել է, որ պատրաստ է հարցը քննարկել միայն այն պայմանով, որ նման միջոցներ ձեռնարկվեն ԵՄ բոլոր երկրների և այլ պետությունների կողմից, որտեղ տեղակայված են ռուսական ակտիվները, ինչպես նաև, եթե Եվրամիությունը երաշխավորի, որ «անհրաժեշտության դեպքում մի քանի օրվա ընթացքում» այդ միջոցները կվերադարձվեն Բելգիային։
Վարչապետը նաև Եվրահանձնաժողովին կոչ է արել Ուկրաինային օգնության «ավելի կանխատեսելի» մեխանիզմներ փնտրել՝ նշելով, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ճապոնիան, կտրականապես դեմ են արտահայտվել ռուսական սուվերեն միջոցների օգտագործմանը: Հնարավոր լուծումներից մեկը նա համարել է համաեվրոպական նոր վարկի թողարկումը, որի սպասարկումը, փորձագետների գնահատականներով, ԵՄ-ին կարժենա տարեկան մոտ 6 մլրդ եվրո:
Միևնույն ժամանակ, Euroclear-ի դեպոզիտարիան ինքը սկսել է մասնակիորեն ապասառեցնել ռուս ներդրողների մասնավոր ակտիվները՝ առանց ԱՄՆ-ի օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության (OFAC) հետ համաձայնության: ԵՄ առաջնորդները Եվրահանձնաժողովին հանձնարարել են մինչև դեկտեմբերի կեսերը Կիևին 2026-2027թթ ֆինանսավորման նոր առաջարկներ ներկայացնել:
«Այդ գումարը մեզնից են գողացել». Պեսկովը՝ ռուսական ակտիվները Կիևին փոխանցելու մասին
Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են Ռուսաստանի մոտ 300 մլրդ եվրոյի ոսկեարժութային պահուստները, որոնցից ավելի քան 200 մլրդ եվրոն տեղակայված է հենց Euroclear-ում։ 2025-ի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ԵՄ-ն արդեն Ուկրաինային է փոխանցել մոտ 14 մլրդ եվրո այդ ակտիվների օգտագործումից ստացված եկամուտներից։
Մոսկվան ռուսական ակտիվների սառեցումը «գողություն» է անվանում։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ դրանց բռնագրավման դեպքում Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի, այդ թվում՝ ռուսական բանկերում գտնվող արևմտյան ներդրողների միջոցների պահում: