ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը հեքիաթ է համարում այն հայտարարությունները, թե հնարավոր է ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել կողք կողքի։ Այդ մասին նա ասաց այսօր «Իմնեմնիմի» փոդքասթի ուղիղ եթերի ժամանակ։
Փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի հարցին, թե Սարգսյանը` որպես Արցախում ապրած մարդ, կարո՞ղ է հաստատել այս կարծիքը և, ընդհանրապես, ինչպիսին էր կյանքը Արցախում մինչև 1988 թ. շարժումը և ինչպե՞ս եղավ, որ այդ ամենից հետո անհամատեղելիություն եղավ։
«Իրենցից քանի՞սն են ապրել այդ միջավայրում, որ այդպես խոսում են… Ոչ մեկը։ Այդ դեպքում այդ հեքիաթները որտեղի՞ց են սովորել… Բա ինչո՞ւ այդ մասին չէին ասում մինչև 2018 կամ 2020 թվականները։ Ղարաբաղցիների աչքի առաջ էր երկու մեծ հանգամանք` Նախիջևանի հայաթափումը և բուն ԼՂ–ում տեղի ունեցող իրադարձությունները։ Երբ հռչակվեց ԼՂ ինքնավար մարզ, բնակչության հարաբերակցությունը 5/95 էր` ի օգուտ հայերի։ 1980–ականների կեսերին այդ հարաբերակցությունը դարձել էր 25/75»,– ընդգծեց նա։
Ըստ Սարգսյանի` եթե անցներ ևս մի 20 տարի, ապա այլևս ԼՂ ինքնորշման հարց բարձրացնելն անիմաստ կլիներ, քանի որ ադրբեջանցիները կհամաձայնվին իհարկե հանրաքվե անցկացնել։