ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի 13 նահանգներում ոստիկանությունը ձերբակալել է 18 կասկածյալի, որոնցից 17-ը մրցավարներ են: Այս մասին հայտնել է Ստամբուլի գլխավոր դատախազությունը։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (TFF) պրոֆեսիոնալ կարգապահական կոմիտեն հոկտեմբերի 31-ի որոշմամբ 8-12 ամսով հեռացրել է 149 մրցավարի։ Պատճառը խաղադրույքներն են։ Ընդհանուր առմամբ վերջին հինգ տարվա ընթացքում խախտումների համար մեղադրվել է 152 մրցավար, որոնցից 22-ը ներկայացնում են բարձրագույն դիվիզիոնը:
«Հետաքննության շրջանակում, որը սկսվել է բուքմեյքերական գրասենյակում ներգրավված 152 մրցավարների մասին TFF-ի ղեկավար Իբրահիմ Հաջիոսմանօղլուի հայտարարություններից հետո, 17 մրցավարի ձերբակալման օրդեր է տրվել պաշտոնը չարաշահելու և խաղի արդյունքի վրա ազդելու փորձի մեղադրանքով»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, օրդեր է տրվել նաև սուպերլիգայի ֆուտբոլային ակումբներից մեկի ղեկավարի, մեկ այլ ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատիրոջ և ֆուտբոլի ասոցիացիայի նախկին ղեկավարի ձերբակալության համար, ինչպես նաև կասկածյալի, որը սոցցանցերում կեղծ տեղեկություններ է հրապարակել հետաքննության ընթացքի մասին: