Իշխանությունը փորձում է մարել դժգոհությունը և ՀԱԵ-ն վերածել «ցածր եկեղեցու». Մարկեդոնով

Սերգեյ Մարկեդոնովը Երևանի քաղաքականության մեջ եկեղեցու դերը սահմանափակելու և ազգային ինքնությունը վերաձևակերպելու, ավանդական հոգևոր ուղենիշները «իրական Հայաստանի» հայեցակարգով փոխարինելու փորձ է տեսնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանյան իշխանությունները փորձում են ընտրություններից առաջ մարել դժգոհության հնարավոր օջախները և միաժամանակ թուլացնել Հայ առաքելական եկեղեցու ազդեցությունը՝ նրա դերը հասցնելով «ցածր եկեղեցու» ձևաչափի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
Նրա խոսքով՝ եկեղեցու նկատմամբ իշխանությունների գործողությունները պայմանավորված են ինչպես մարտավարական, այնպես էլ ռազմավարական նպատակներով: Մարտավարական առումով իշխանությունները փորձում են ընտրություններից առաջ քաղաքական կայունություն ապահովել։
«Եթե խոսենք մարտավարական նպատակների մասին՝ ընտրություններն են։ Պետք է բացառել դժգոհության չարտոնված պոռթկումների հավանականությունը»,-նշեց փորձագետը։
Մարկեդոնովը կարծում է, որ ավանդական ընդդիմադիր ուժերը՝ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և ավելի քիչ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, այսօր ոչ այնքան բարձր ընտրական շանսեր ունեն: Սակայն եկեղեցական միջավայրում նոր շարժումներ առաջացան, որոնք կարող էին համախմբել հասարակական դժգոհությունը։ Դրանցից ամենանշանակալին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժումն էր։ Ուստի, ըստ փորձագետի, մարտավարական առումով իշխանությունները ձգտում են նվազագույնի հասցնել ցանկացած հնարավոր ընդդիմություն, որը կարող է ձևավորվել կամ ամրապնդվել եկեղեցու շուրջ:
Միաժամանակ, գործողությունների այդպիսի ուղղությունը նաև ավելի խորը, ռազմավարական դրդապատճառներ ունի։ Մարկեդոնովի կարծիքով, խոսքը «հայկական ազգային-պետական նախագծի» վերագործարկման մասին է, որի շրջանակներում ձևավորվում է «իրական Հայաստանի» հայեցակարգը, որը հակադրվում է «պատմական Հայաստանին»: Գաղափարական այս վերակառուցումն անդրադառնում է նաև ազգային ինքնագիտակցության համար նախկինում հիմնարար համարվող հարցերին։ Այսպես, փորձագետի խոսքով, նոր քաղաքական դիսկուրսում վերաիմաստավորվում է Լեռնային Ղարաբաղի թեման. նույնիսկ ղարաբաղցի հայերի նախկին բնակավայրեր վերադառնալու գաղափարն այժմ հաճախ ընկալվում է որպես ապակառուցողական:
ԱՄՆ–ն ալտրուիզմով չի զբաղվում․Մարկեդոնովը՝ «Թրամփի ուղու» միֆականացման մասին
Մարկեդոնովն ընդգծեց, որ Հայաստանում այսօր տեղի է ունենում նաև Սփյուռքի դերի վերագնահատում և պատմական հիշողության հարցերի նկատմամբ վերաբերմունքի վերանայում:
«Իրական Հայաստան» հայեցակարգի շրջանակներում շեշտը դրվում է այն բանի վրա, որ հայրենիք է համարվում ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը՝ իր ներկայիս սահմաններով, որի տարածքը կազմում է մոտ 29 հազար քառակուսի կիլոմետր: Հենց այս տարածքն է դիտարկվում որպես ազգային ինքնության կենտրոն։ Մարկեդոնովի խոսքով՝ վերաիմաստավորման նմանատիպ գործընթացներ են նկատվում նաև Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ:
«Մենք արդեն պնդումներ ենք լսում, թե ԿԳԲ-ն է թուրքերին ու հայերին կռվեցրել։ Ստացվում է, որ Սուլթան Աբդուլ Համիդ II-ը և «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամները գործել են Յուրի Անդրոպովի հրահանգով»,-հեգնանքով նշում է փորձագետը։
Գաղափարական այս նոր կոնֆիգուրացիայում եկեղեցին կորցնում է իր նախկին նշանակությունը և իշխանությունների կողմից դիտվում է որպես երկրորդական ինստիտուտ: Նպատակն է չեզոքացնել նրա հասարակական-քաղաքական ազդեցությունը և բողոքական հոսանքների նմանությամբ վերածել «ցածր եկեղեցու», որտեղ նվազագույնի է հասցվում հոգևորականության, խորհուրդների և ժամերգության ծիսական կողմի դերը։
«Խոսքը ոչ թե էժանության, այլ նշանակության նվազման մասին է։ Նման եկեղեցին հիմնականում ծիսական-բանահյուսական, ձևական գործառույթ է կատարում՝ չհավակնելով քաղաքական կամ պետական առաքելության»,- պարզաբանեց նա։
«Իրական Հայաստանի» անիրական հեռանկարները
Փորձագետը հիշեցրեց, որ Հայ առաքելական եկեղեցին պատմականորեն հայերի համար խաղացել է ոչ միայն հոգևոր, այլև ազգային ինստիտուտի դեր: Պետականության բացակայության պայմաններում այն փաստացի փոխարինում էր պետությանը, համալսարանին, դպրոցին և նույնիսկ քաղաքացիական գրանցման մարմիններին։
«Եկեղեցու հեղինակությունն այսօր, իհարկե, նույնը չէ, ինչ 19-րդ դարում։ Բայց երբ Ռուսական կայսրությունը գնաց եկեղեցական ունեցվածքի բռնագրավման ճանապարհով, դա սուր կոնֆլիկտ առաջացրեց հայ հանրության հետ և հանգեցրեց ահաբեկչության։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ հոգևորականության ազդեցության սահմանափակումը գրեթե միշտ պատասխան արձագանք է առաջացնում»,-նշում է Մարկեդոնովը։
Նա կարծում է, որ կարճաժամկետ հեռանկարում իշխանությունների քաղաքականությունը կարող է հաջող լինել, սակայն երկարաժամկետ հեռանկարում լուրջ ռիսկեր է պարունակում։
«Փիլիսոփա Սեմյոն Ֆրանկը գրել է, որ հասարակական գործընթացները զարգանում են ճոճանակի սկզբունքով՝ հետ տատանումն անխուսափելի է։ Դեռ վերջերս եվրաատլանտիզմն ու Վրաստանն ընկալվում էին որպես երկվորյակ եղբայրներ, իսկ այսօր արդեն քննարկվում է «չեզոքների» կուսակցության ստեղծումը։ Թեկուզ այն առաջատար չդառնա, բայց նման խոսակցությունների փաստն ինքնին խոսում է փոփոխությունների մասին»,-ասաց փորձագետը։
Նրա խոսքով՝ Հայաստանում հոգնածություն է զգացվում բազմամյա հակամարտությունից, և հանրության շրջան խաղաղության պահանջ է ձևավորվել։ Մարդիկ հրադադարի և անվտանգության խոստումները ընկալում են որպես անվերապահ բարիք՝ չմտածելով հնարավոր հետևանքների մասին։ Սակայն, Մարկեդոնովի կարծիքով, երբ քաղաքացիները գիտակցեն այդ խաղաղության իրական գինը, հնարավոր է հասարակական տրամադրությունների վերանայում։
Նա ընդգծեց, որ պատերազմում պարտությունը միայն արագացրել է կառավարության և եկեղեցու միջև հակասությունների սրումը, սակայն հակամարտության արմատները ավելի վաղ շրջանում են՝ 2020 թվականից շատ առաջ:
Հայաստանի իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև առճակատումը սրվել է սոցիալական ցանցերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կտրուկ արտահայտություններից հետո, որտեղ նա քննադատության է ենթարկել բարձրաստիճան հոգևորականներին: Ավելի ուշ վարչապետն առաջարկել է փոխել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը՝ նախատեսելով պետության առանցքային դերն այդ գործընթացում, և հայտարարել է կաթողիկոսի հեռացման շարժումն անձամբ ղեկավարելու մտադրության մասին:
Իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ նախկին քահանա Ասատրյանը կիրակնօրյա պատարագ մատուցեց Հովհաննավանքում։ Էջմիածնում հայտարարեցին, որ Ասատրյանն իրավունք չունի պատարագ մատուցել, իսկ իշխանությունների կողմից նրա գործողություններին աջակցելը դիտարկվում է որպես Հայ առաքելական եկեղեցում պառակտում մտցնելու փորձ: