ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարությունը գրեթե ամբողջությամբ թվայնացրել է Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման (ԶԱԳՍ) գործակալության աշխատանքը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Առանց տարածքից տանից դուրս գալու, քաղաքացիները այլևս հնարավորություն ունեն օնլայն գրանցելու երեխայի ծնունդը, ամուսնությունը, այդ թվում ամուսնալուծությունը։ Հնարավոր է անվանափոխություն իրականացնելու համար հայտ ներկայացնել, ինչպես նաև քաղաքացիները կարող են օգնել ՔԿԱԳ մարմիններին թվայնացնել իրենց փաստաթղթերը, որի համար անհրաժեշտ է համապատասխան կայք մուտք գործել, խնդրել իրենց վերաբերելի փաստաթուղթը և ստանալ այն»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով, օրինակ, երեխայի ծննդյան օնլայն գրանցման պարագայում փոխգործելիություն են ապահովել ինչպես «Արմեդ» համակարգի, այնպես էլ ԱՍՀՆ սոցիալական ծառայություններ մատուցող համակարգի հետ։
«Երեխայի բժշկական տեղեկանքը ինքնաշխատ կերպով կներբեռնի համակարգը, հնարավոր կլինի երեխային անուն, ազգանուն ընտրել և ստանալ փաստացի երեխայի ծննդյան վկայականը»,–ասաց Գալյանը։
Նախարարի խոսքով` դեռ հանրային իրազեկման արշավ չեն սկսել, բայց շուտով կիրականացնեն, որպեսզի ավելի շատ քաղաքացիներ տեղյակ լինեն նոր բարեփոխումներից։
Գալյանը նաև հավելեց, որ մոտ ապագայում Պետական ռեգիստրում անհատ ձեռնարկատերերի գրանցումը ևս կարող է օնլայն կարգով իրականացվել, քանի որ շուտով պատրաստ կլինի իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի նոր թվային հարթակը։