Արցախում մինչև 2013թ–ն աշխատած մարդկանց ստաժը կհաշվարկվի աշխատանքային գրքույկի հիման վրա

Արցախում աշխատելու վերաբերյալ մինչև 2013 թվականի բազաները պարզապես չեն պահպանվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը հեշտացվել են. դրանք ազդելու են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վրա։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։
«Բավականին հեշտացրել ենք Լեռնային Ղարաբաղի տարածքում աշխատած ժամանակահատվածը հաստատելու գործընթացները՝ փաստաթղթերի կազմումը։ Եթե ՀՀ տարածքում աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ բազաներ չկան կամ ամբողջական չեն, ապա ԼՂ-ի դեպքում դրանք պարզապես չեն պահպանվել։ ԼՂ-ում մինչև 2013 թվականն աշխատած ժամանակահատվածը ստաժում կհաշվարկվի բացառապես աշխատանքային գրքույկների գրառումներով։ Այսինքն՝ պետք է լինի մի փաստաթուղթ, որտեղ նշված լինի, որ տվյալ անձն աշխատանքի է ընդունվել այսինչ օրը և ազատվել այնինչ օրը»,- նշեց Գալստյանը։
Ինչ վերաբերում է զինվորական կենսաթոշակներին, սոցապնախարարության պաշտոնյան շեշտեց՝ դա այլևս չեն նշանակելու ՌԴ-ում և Ուկրաինայում ձեռք բերած ստաժի հիման վրա։
«Զինվորական կենսաթոշակների պարագայում Հայաստանն անդամակցում է ԱՊՀ երկրների շրջանակներում կնքված համապատասխան պայմանագրերին։ Որոշ պատճառներով Ռուսաստանն ու Ուկրաինան դուրս են եկել այդ պայմանագրերից։ Նախկինում, եթե մեր զինծառայողը գնում էր ու բնակվում, օրինակ, Ռուսաստանում, ապա այդ պետությունը վճարում էր նաև ՀՀ-ի և ԽՍՀՄ ժամանակահատվածի ծառայության համար։ Այժմ, եթե անձը տեղափոխվի Հայաստան, բերի զորքերում, բանակում ծառայելու վերաբերյալ տեղեկատվություն, մենք այլևս այդ ստաժի համար կենսաթոշակ չենք նշանակելու»,- նշեց Գալստյանը։
Նրա խոսքով՝ ԽՍՀՄ տարածքում ձեռք բերված զինծառայության ստաժը հաշվի է առնվելու, որովհետև դա սահմանված է ՀՀ օրենսդրությամբ։
Հավելենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 21 916 տեղահանված անձ։ Նրանցից 14 064-ն արդեն քաղաքացիություն է ստացել։