ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Երևանի Կոմիտասի պողոտայի «Երևան սիթի» սուպերմարկետում բռնկված հրդեհը մարվել է 13։54–ին, մեկ մարդ տուժել է, նրան հոսպիտալացրել են, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հրդեհի բռնկման օջախը եղել է KFC սննդի օբյեկտից։ Պատճառները դեռ հայտնի չեն, փորձաքննություն պետք է լինի, որպեսզի հստակ ասվի։ Վարկածներ կարող են լինել, բայց այս պահին չենք կարող ներկայացնել։ Վնասների մասին դեռ ոչինչ հնարավոր չէ ասել, հրդեհի մակերեսի մասին նույնպես չենք կարող տեղեկություն տալ, դեռ պետք է չափագրում արվի, տարբեր հատվածներում է հրդեհ եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը, որը դեպքի վայրում համակարգում է աշխատանքները։։
Նրա խոսքով՝ հրշեջ-փրկարարների կատարած աշխատանքներից հետո միայն հնարավոր կլինի մուտք գործել շենք ու հնարավորության դեպքում սկսել աշխատանքը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հրդեհ էր բռնկվել Կոմիտասի պողոտայի «Երևան սիթի» սուպերմարկետի սննդի կետերից մեկում։ հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ» էր հայտարարվել։ Դեպքի վայրում 10 մարտական հաշվարկ է աշխատում։