ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Երևանում խցանումների հետ կապված իրավիճակը ճգնաժամային է։ Այս մասին նա այսօր ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ես դա տեսել եմ, և իսկապես տարօրինակ է հեծանիվով խցանման մեջ հայտնվելն այնպես, որ դժվար լինի տեղաշարժվելը»,- ասաց Փաշինյանը։
Նշեց՝ հանձնարարել է աշխատանքային խումբ ստեղծել, որը կուսումնասիրի խցանումների պատճառներն ու լուծման ճանապարհներ կառաջարկի։
«Այո՛, մի տեղ լուսացույցը կարող է անջատվել, մի տեղ վթար լինել, բայց մեծ հաշվով պատճառը մեքենաների աննախադեպ ծավալն է Երևան քաղաքում։ Մենք պետք է հասկանանք՝ այդ երևույթի հետ ինչպես վարվել։ Հնարավոր է՝ նաև դժվար լուծումների անհրաժեշտություն լինի»,- ասաց նա։
ՀՀ վարչապետը նշեց՝ տեխնիկական լուծումների և բարելավումների հնարավորություն միշտ կա։ Սակայն մեքենաների թիվը չափազանց մեծ է և օրեցօր ավելանում է։ Երևանի հնարավորություններն այս առումով սահմանափակ են, ուստի և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ լուծումներ պետք է հաշվի առնվեն։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ ճգնաժամային խմբի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ մայրաքաղաքում ավելացող խցանումների լուծումը տեսնում է մասնավոր մեքենաների օգտագործումը սահմանափակելու մեջ: