Իրանը շահագրգռված է Չաբահարի զարգացման գործում Ռուսաստանի ընկերությունների մասնակցությամբ

Չաբահար նավահանգիստը տարածաշրջանային ավելի լայն առևտրային և մարդասիրական օրակարգի կարևորագույն բաղադրիչ է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Իրանը շահագրգռված է ռուսաստանյան ընկերությունների մասնակցությամբ Օմանի (Պարսից) ծոցի ջրային տարածքում գտնվող Չաբահար նավահանգստի զարգացման գործում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը՝ ամփոփելով նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի և Իրանի նավահանգիստների և նավագնացության կազմակերպության ղեկավար Սաեդ Ռասուլիի հանդիպումը:
Կողմերը քննարկել են Կասպից ծովով փոխադրումների ծավալների ավելացման հարցերը և նշել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Տրանսկասպյան երթուղով մուլտիմոդալ փոխադրումների զարգացման գործում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Առաջնահերթություններ են համարվել Կասպից ծովի նավահանգիստներ բեռների անխափան առաքման ապահովումը, ինչպես նաև նավահանգիստներին մոտ գտնվող երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքների զարգացումը:
«Իրանական կողմը շահագրգռված է Պարսից ծոցի Չաբահար նավահանգստի զարգացման գործում ռուսաստանյան ընկերությունների մասնակցությամբ», - ասված է ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը Հնդկաստանին 6 ամսով ազատել է պատժամիջոցներից՝ իրանական Չաբահար նավահանգստով գործողություններ իրականացնելու համար: Անցյալ տարվա մայիսին Հնդկաստանն ու Իրանը նավահանգստի շահագործման մասին ստորագրել են 10 տարի ժամկետով համաձայնագիր։ Փաստաթուղթը կնքվել է «Indian Ports Global Limited» ընկերության և Իրանի նավահանգիստների և նավագնացության կազմակերպության միջև:
Ըստ համաձայնագրի դրույթների՝ նավահանգստի հագեցման համար հնդկական կողմը կներդնի մոտ 120 մլն դոլար։ Բացի այդ, Հնդկաստանն Իրանին 250 մլն դոլարի չափով վարկ է առաջարկել նավահանգստային և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հետ կապված նախագծերի համար:
Չաբահար նավահանգիստը դիտվում է որպես Հնդկաստանի տարածաշրջանային առևտրի և մարդասիրական ռազմավարության առանցքային տարր: Աշխատանքներ են տարվում Չաբահարը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին ինտեգրելու և այն Կենտրոնական Ասիայի երկրների հետ առևտրի համար օգտագործելու ուղղությամբ:
Հայաստանը նախատեսում է նաև օպերատորական գործունեություն սկսել այդ նավահանգստում։