Հարթագյուղի 25 տարվա ղեկավարն ապօրինի կերպով հողատարածք է օտարել իր որդուն

Մեղադրանք է ներկայացվել նաև աճուրդային հանձնաժողովի 5 անդամներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik․ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի 25 տարվա ղեկավարը (1996-2021թթ․) ապօրինի կերպով հողատարածք է օտարել իր որդուն։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ կոմիտեի՝ համայնքի ղեկավարը խախտել է օրենքով սահմանված հրապարակային սակարկությունների կարգը, որդու բացակայության պայմաններում 2019թ․ մայիսի 6-ին ձևականորեն կազմակերպել և աճուրդային հանձնաժողովի 5 անդամների օժանդակությամբ անցկացրել է 10 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով գյուղատնտեսական նպատակային նշանակության 1,11035 հա մակերեսով հողամասի ձևական աճուրդ-վաճառք։ Արդյունքում հաղթող է ճանաչվել նրա որդին: Դրանից հետո անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ կադաստրի կոմիտե և գրանցվել է սեփականության իրավունք։
Հարթագյուղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով, նրա որդու նկատմամբ՝ նույն օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով:
ՀՀ–ում չի կարող լինել այնպիսի հող, որի արժեքը լինի 7 դրամ. Փաշինյանը` աճուրդների մասին
Մեղադրանքներ են ներկայացվել նաև համայնքի ղեկավարին օժանդակած՝ աճուրդային հանձնաժողովի 5 անդամներին:
Այսպիսով, 7 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: