Գյումրու քաղաքապետի առողջական վիճակը կտրուկ վատացել է կալանավայրում. փաստաբան

Վարդան Ղուկասյանը կալանավորվեց հոկտեմբերի 21-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Զարուհի Փաստանջյանը։
«Այսօր` ժամը 16։00-ի սահմաններում, Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նրա առողջական վիճակի մանրամասները ճշտվում են»,– գրել է Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում։
Փաստաբանը նշել է, որ Վարդան Ղուկասյանը կալանավայրում էր արդեն 18 օր, մինչ այդ վարույթն իրականացնող մարմինը և դատարանը տեղեկացված են եղել նրա առողջական խնդիրների մասին։
Ավելի ուշ Փոստանջյանը հայտնել է, որ Վարդան Ղուկասյանը շաքար ունի, որը հասել է մինչև 19, և կորոնարոգրաֆիայի կարիք կա։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։
Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ նրան նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է, բայց նրան շարունակում են կալանքի տակ պահել