ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Կառավարության աշխատանքի դադարեցման ֆոնին ԱՄՆ-ն տիեզերական արձակումների սահմանափակումներ է մտցնում: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության ղեկավար Բրայան Բեդֆորդը:
«Մենք պատրաստվում ենք կոմերցիոն ավիացիայի ոլորտում մեր գործընկերների հետ համատեղ միջոցներ ձեռնարկել, սակայն դա չի սահմանափակվի միայն նշված ոլորտով, այլ կներառի նաև տիեզերական արձակման սահմանափակումներ», - ասել է Բեդֆորդը լրագրողներին:
ԱՄՆ-ում հոկտեմբերի 1-ին սկսվել է նոր ֆինանսական տարին, բայց Կոնգրեսը չի հասցրել համաձայնեցնել բյուջեն, և կառավարությունը չի կարողանում աշխատել: Դա ենթադրում է, որ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող պետական հաստատությունների մի մասի աշխատանքը դադարեցվում է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարության գործունեության դադարի ժամանակահատվածը կարող է օգտագործել անձնակազմի զանգվածային կրճատումների և վճարումների համար: Նրա խոսքով՝ բյուջեի համաձայնեցման խնդիրը ստեղծվել է դեմոկրատների դիրքորոշման պատճառով, իսկ ներկայիս իրավիճակը Սպիտակ տունն օգտագործում է հանրապետականների համար ոչ նպատակահարմար ծրագրերից ազատվելու համար: