Ովքեր և ինչքան կվճարեն առողջության պարտադիր ապահովագրության համար. մանրամասներ

Հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգում լինելու են սկրինինգային ծրագրեր, որոնք լինելու են պարտադիր և ամենամյա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. 200 000 դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացին 2026 թվականին Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի կվճարի ամսական մոտ 500 դրամ։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հետ աշխատանքային քննարկման ժամանակ, որը նվիրված է եղել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
200 000 դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները 2027 թվականի հունվարի 1-ից վճարելու են փաթեթի տարեկան գումարը, իսկ 2026 թվականի ընթացքում տարբեր վերաբաշխումների արդյունքում իրենք այդ ծախսը չեն կատարելու։
«Կրճատվելու են «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարները։ Այսինքն՝ վերադարձ է կատարվում նախկին 1000 դրամին՝ 5500 դրամի փոխարեն, և ավելացած գումարն ուղղվելու է առողջության ապահովագրության համակարգին: Հաջորդը սոցիալական կրեդիտների հնարավորությունն է, համընդհանուր հայտարարագրումը։ Եվ այս մասով էլ 200-500 հազար դրամ ստացողների համար փոխել ենք սոցիալական կրեդիտների տարեկան չափի հնարավորությունը առողջապահության ուղղությամբ, և ամսական թույլ ենք տալու 6000 դրամ հետ ստանալ սոցիալական կրեդիտներից: Այսինքն՝ այստեղ 4500 դրամ և 6000 դրամը, ըստ էության, ծախսը, այդ բեռը քաղաքացին չի զգալու: Քաղաքացին 500 դրամ է վճարելու»,- մանրամասնել է Ավանեսյանը։
Նա շեշտել է, որ հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգում լինելու են սկրինինգային ծրագրեր, որոնք լինելու են պարտադիր և ամենամյա: Ընդգծվել է, որ սա նաև կնպաստի առողջության հանդեպ նոր մշակույթի ձևավորմանը՝ կանխարգելել և հայտնաբերել հիվանդությունը վաղ ախտանիշների շրջանում:
Փաշինյանը պարզաբանել է, որ 2026 թվականի հունվարից ներդրվող այդ համակարգը լինելու է համընդհանուր, այլ ոչ թե համապարփակ, քանի որ վերաբերելու է բոլորին, սակայն ոչ ամեն ինչին։
Հավելենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 18 տարեկան և 65 և ավելի տարիքի, հաշմանդամություն ունեցող և սոցիալական որոշակի շերտերի շահառուների Առողջապահության համընդհանուր ապահովագրության համար վճարվելու է պետական բյուջեից: Նախագծով տարեկան փաթեթի արժեքը կազմելու է 129 600 դրամ: