ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 3-4-ը Մոսկվայում տեղի կունենա ԲՐԻԿՍ+ հակաահաբեկչական համաժողովը՝ մի շարք այլ միջազգային կազմակերպությունների և կառույցների փորձագետների մասնակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
«Ռուսաստանի ԱԳՆ հովանու ներքո Մոսկվայում դեկտեմբերի 3-4-ին կկայանա «ԲՐԻԿՍ+ 2025 հակաահաբեկչական համաժողով. առաջացող մարտահրավերների և անվտանգության սպառնալիքների պայմաններում ահաբեկչության հակազդման ազգային և տարածաշրջանային ռազմավարությունները» միջոցառումը, որին կմասնակցեն պատկան պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և ԲՐԻԿՍ+ երկրների գիտական շրջանակների ներկայացուցիչները, որոնք զբաղվում են հակաահաբեկչության և հակածայրահեղականության համալիր ուսումնասիրությամբ: Քննարկումներին կմիանան նաև ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և ՀԱՊԿ-ի փորձագետները», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մասնակիցները կքննարկեն նաև ծայրահեղականության և բնակչության արմատականացման փորձերի դեմ պայքարը: Պատվիրակները հատուկ ուշադրություն կդարձնեն ահաբեկչության վերացման տեսական ասպեկտներին, կգնահատեն ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում անվտանգության սպառնալիքները:
Համաժողովը կոչված է լրացնելու միավորման պետությունների համալիր ջանքերը, որոնք ձեռնարկվում են ԲՐԻԿՍ-ի հակաահաբեկչական աշխատանքային խմբի շրջանակում, և նպաստելու ԲՐԻԿՍ-ի հակաահաբեկչական ռազմավարության (2020 թվական), դրա իրականացման գործողությունների ծրագրի (2021 թվական) ամուր հիմքի վրա պրոֆիլային համագործակցության ամրապնդմանը:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006թ.-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին ԲՐԻԿՍ–ին միացավ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը: 2024 թվականից միավորումը ներառում է նաև Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Եթովպիան, Իրանը, իսկ 2025 թվականի հունվարից` Ինդոնեզիան։ Դաշինքի հետ գործընկերների կարգավիճակով համագործակցում են Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Ղազախստանը, Մալայզիան, Նիգերիան, Թաիլանդը, Ուգանդան, Ուզբեկստանը և Վիետնամը: