ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Բելառուսում առգրավված թմրանյութերի և հոգեմետ նյութերի առյուծի բաժինը ստացվել է Եվրամիության երկրներից, հայտնաբերվել է թմրանյութերի մատակարարման հինգ խոշոր ուղի: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այսօր հայտնել է Բելառուսի ՆԳՆ թմրանյութերի վերահսկողության և մարդկանց թրաֆիքինգի հակազդման գլխավոր վարչության բաժնի պետ, միլիցիայի գնդապետ Վադիմ Վոլչոկը։
«Առգրավված նյութերի ծավալի առյուծի բաժինը կազմում են թմրանյութերի և հոգեմետ նյութերի տարանցիկ խմբաքանակները, որոնք Եվրոպական միության երկրներից մեր երկիր են հասնում մեր արևտյան սահմաններով։ Որպես կանոն, խոշոր խմբաքանակները Բելառուսի Հանրապետության տարածքով անցնում են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ, այնուհետև մասամբ՝ ավելի փոքր խմբաքանակներով, մուտք են գործում Բելառուսի ներքին թմրաշուկա»,-ասել է Վոլչոկը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ ներքին գործերի մարմիններն ու թմրանյութերի վերահսկման ստորաբաժանումներն այս տարի հայտնաբերել և կասեցրել են թմրանյութերի տարանցման և մատակարարման 301 ուղի:
«Ընդ որում, հայտնաբերվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մատակարարման հինգ խոշոր ուղի Եվրամիության պետություններից` Լատվիան, Լիտվան, Լեհաստանը»,-հայտնել է ոստիկանության գնդապետը:
Վոլչոկի խոսքով՝ այս տարվա ապրիլին գրանցված դեպքերից մեկում փոխադրման համար օգտագործվել են օդերևութաբանական ուսումնասիրության օդապարիկներ։