ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրան Օվանեսովի քույրն ու 3 եղբայրները տեղափոխվում են Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն»։ Այս մասին հայտնում է Aysor.am-ը՝ վկայակոչելով Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանին։
Նշենք, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինն այսօր հրատապ նիստ էր հրավիրել, որի օրակարգում էին Օվանեսովների ընտանիքին առնչվող հարցերը, այդ թվում՝ երեխաների հետագա խնամքի կազմակերպումը։ Փորձագետները որոշել են, որ երեխաներն անհապաղ պետք է տեղափոխվեն:
Հիշեցնենք` Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Երեխայի դին հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 3-ին հայտնեց, որ 3 տարեկան Տիգրանին, ըստ նախնական տվյալների, խեղդել է հայրը` Արմեն Օվանեսովը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության հոդվածով, դատարանի որոշմամբ նա կալանավորվեց 2 ամսով։