ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը հայտարարել է, որ պատրաստ է խորհրդարանական ընտրություններ անցկացնել նախքան խորհրդարանի լիազորությունների ընթացիկ ժամկետի ավարտը:
«Հարգելով մեր երկրում զգալի փոքրամասնություն ներկայացնող ցուցարարների պահանջները՝ մենք ընդառաջ կգնանք նրանց և ընտրությունները կանցկացվեն ժամկետից շուտ»,-Վուչիչի խոսքը մեջբերում է «Srbija Danas»–ը։
Ճշգրիտ օրը կորոշի լիազոր մարմինը։
Սերբիայում բողոք ակցիաները չեն դադարում 2024 թվականի նոյեմբերից, երբ Նովի Սադի երկաթուղային կայարանում ծածկի փլուզման հետևանքով 16 մարդ մահացավ։ Ցուցարարները պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել, հրապարակել կայարանի վերակառուցման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, քրեական պատասխանատվության ենթարկել ողբերգության մեջ ներգրավված պաշտոնյաներին և հետապնդումից ազատել բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված բոլոր անձանց։
Օգոստոսի կեսերին բողոքի ցույցերը վերածվեցին ոստիկանության հետ կանոնավոր բախումների։ Մի շարք քաղաքներում իշխանությունների հակառակորդները ջարդում և հրդեհում են իշխող Սերբական առաջադիմական կուսակցության գրասենյակները: