ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանն ու Չինաստանը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը Եվրասիական մեծ գործընկերության և չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նախագծերի համակարգման ուղղությամբ: Այս մասին ասվում է համատեղ պաշտոնական հաղորդագրության մեջ, որը ստորագրվել է երկու երկրների վարչապետների 30-րդ կանոնավոր հանդիպման արդյունքում։
Հանդիպումը կայացել է նոյեմբերի 3-ին՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի Չինաստան երկօրյա այցի շրջանակներում: ՌԴ վարչապետը և ՉԺՀ պետխորհրդի ղեկավար Լի Ցյանը քննարկել են երկկողմ համագործակցության առանցքային ուղղությունները և ստորագրել մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ համատեղ պաշտոնական հաղորդագրությունը։
«Կողմերը կշարունակեն աշխատանքը «Մեծ Եվրասիական գործընկերության» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զուգահեռ և համակարգված զարգացման առաջմղման, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի և այլ տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների միջև երկխոսության ամրապնդման ուղղությամբ»,-ասվում է փաստաթղթում:
2013 թվականին Չինաստանի կողմից առաջ քաշված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել տրանսպորտային, էներգետիկ և առևտրային ենթակառուցվածքները, որոնք միավորում են Եվրասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրները: Նախագիծն ընդգրկում է ավելի քան 150 պետություն և ենթադրում է տնտեսական միջանցքների մասշտաբային ցանցի ստեղծում։
«Մեծ Եվրասիական գործընկերության» հայեցակարգն առաջարկել է Ռուսաստանը 2016 թվականին՝ որպես եվրասիական տարածքում տնտեսական նախաձեռնությունների ինտեգրման գաղափար՝ ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի և այլ միավորումների մասնակցությամբ: Մոսկվան այս ձևաչափը դիտարկում է որպես համագործակցության միասնական տարածքի ձևավորման հիմք՝ Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս։