ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորել է «Ռոսօբորոնէքսպորտի» անձնակազմին 25-ամյակի առթիվ՝ ընդգծելով ընկերության նշանակալի ներդրումը ռազմատեխնիկական համագործակցության զարգացման և ռուսական պաշտպանական արդյունաբերության դիրքերի ամրապնդման գործում:
Շնորհավորական ուղերձում կառավարության ղեկավարն ընդգծել է, որ «Ռոսօբորոնէքսպորտը» սպառազինության, ռազմական տեխնիկայի և երկակի նշանակության տեխնոլոգիաների արտահանման և ներմուծման միակ պետական միջնորդն է։
«Ժամանակակից ռուսական ռազմական արտադրանքն առանձնանում է յուրահատուկ տեխնոլոգիական լուծումներով, ճանաչված և պահանջված է միջազգային շուկայում։ Դրա ապացույցն է մատակարարումների աշխարհագրության ընդլայնումը և ընկերության պատվերների պորտֆելի աճը»,-ասված է Միշուստինի ուղերձում, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ վարչապետը նշել է ընկերության՝ որպես հուսալի գործընկերոջ և մատակարարի բարձր հեղինակությունը։ Նրա խոսքով՝ «Ռոսօբորոնէքսպորտի» գործունեությունը նպաստում է պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների բեռնմանը, արտադրական հզորությունների, կադրային ներուժի և ֆինանսական կայունության պահպանմանը:
Միշուստինը նշել է, որ ընկերության հաջողություններն ուղղակիորեն կապված են աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմի և աշխատանքի նկատմամբ պատասխանատու մոտեցման հետ: Միշուստինի խոսքով՝ «Ռոսօբորոնէքսպորտի» գործունեությունը նպաստում է ազգային անվտանգության ամրապնդմանը և ծառայում է Ռուսաստանի միլիոնավոր քաղաքացիների շահերին: