ԿԳՄՍՆ-ի բյուջեն նախատեսվում է 57,5 մլրդ դրամով ավելացնել․ որ ծրագրերին կուղղվի գումարը

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշում է, որ կրթության ոլորտում այս տարի էական ավելացում է նախատեսվում անել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական բյուջեն առաջարկվում է սահմանել 420 մլրդ 224 մլն դրամ։ Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն առաջարկվում է հատկացնել 420 մլրդ 224 մլն դրամ, որը 57 մլրդ 560 մլն դրամով ավելին է, քան նախրոդ տարի։ Կրթության ոլորտն այն հիմնական ոլորտներից է, որտեղ այս տարի էական ավելացում ենք ունենում՝ շուրջ 16 տոկոսով։ Գրեթե բոլոր ուղղություններով ավելացումներ կան, հիմնականում դպրոցաշինության ծրագրերի գծով»,- նշեց Հովհաննիսյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հետաքրքրվեց թանգարանային և գրադարանային ոլորտներում աշխատող անձանց աշխատավարձերի մասով, արդյոք այդ ուղղությամբ դրական քայլ արվել է, թե ոչ։
«Թանգարանները ծառայություններ մատուցող կազմակերպություններ են, և մեր նպատակն է՝ ընդլայնել նրանց սեփական եկամուտները, ինչի միջոցով էլ կբարձրացվի աշխատակիցների վարձատրությունը։ Սա մեր հիմնական մոտեցումն է, ու հաջորդ տարվա համար էլ այս մոտեցման փփոխություն մենք չունենք։ Այս ուղղությամբ մեծ ավելացումներ չունենք։ Մենք գումարներ ենք հատկացնում թատրոնների, թանգարանների տեխնիկական հագեցվածության համար»,- նշեց ֆինանսների նախարարը։
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հոհվաննիսյանը նաև ներկայացրեց մի քանի այլ կառույցների բյուջեն։ Հանրային խորհրդի հեռարձակողին առաջարկվում է հատկացնել 8 մլրդ 285 մլն դրամ, որը 88 մլն 905 հազար դրամով պակաս է, քան 2025 թվականի բյուջեն է։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին առաջարկվում է հատկացնել 374 մլն 380 հազար դրամ, որը 6 մլն 811 հազարով պակաս է, քան 2025 թվականին։
Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գծով ծրագրերին առաջարկվում է հատկացնել 762 մլն դրամ, որը 82 մլն դրամով պակաս է նախորդ տարվա հատկացումից։