ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Պորտուգալիայի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շուտով կավարտի ֆուտբոլային կարիերան։ Նա այդ մասին ասել է YouTube-ում բրիտանացի լրագրող Պիրս Մորգանի հետ հարցազրույցում։
«Շուտով (կավարտեմ կարիերան. խմբ.), բայց կարծում եմ՝ պատրաստ կլինեմ։ Իհարկե, դժվար կլինի։ Հավանաբար կարտասվեմ, բայց դա նորմալ է։ Զգացմունքներս չեմ զսպի։ Ես անկեղծ եմ։ Ես բաց մարդ եմ», – ասել է 40-ամյա ֆուտբոլիստը։
Անդրադառնալով նրան և «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին համեմատելու թեմային` նա պատասխանել է. «Մեսսին ինձնից լա՞վն է։ Համաձայն չեմ։ Չեմ ուզում համեստ լինել»։
Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող, Եվրոպայի չեմպիոն և պաշտոնական խաղերում համաշխարհային ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ «Ալ-Նասրից» առաջ Ռոնալդուն հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», իսպանական «Ռեալ Մադրիդում» և իտալական «Յուվենտուսում»։