ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հնդկաստանի կենտրոնական Չհատիսգարհ նահանգի Բիլասպուր շրջանում այսօր բախվել են ուղևորատար և բեռնատար գնացքներ։ Բախման հետևանքով առնվազն վեց մարդ մահացել է, մի քանիսը տուժել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով India Today-ին։
«Նախնական հետաքննությամբ ենթադրվում է, որ վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ MEMU արվարձանային ուղևորատար գնացքը անցել է լուսացույցի ազդանշանի տակ և բախվել կանգնած բեռնատար գնացքի հետևի մասին», – հայտնում է պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ամենաշատը տուժել է ուղևորատար գնացքի առաջին վագոնը, որը բախման ժամանակ հարվածել է բեռնատար գնացքի վերջին վագոնին։ Եվս մի քանի վագոններ դուրս են եկել գծերից, իսկ բուն հարվածի հետևանքով լրջորեն վնասվել են կոնտակտային ցանցը և ազդանշանային համակարգը՝ խաթարելով գնացքների երթևեկությունը։
Վթարի հետևանքով մի քանի ուղերթ չեղարկվել կամ վերաուղղորդվել է։ Դեպքի վայր են ուղարկվել բժշկական բրիգադներ՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։
Իշխանությունները հայտնել են, որ բախման պատճառները հետաքննվում են, և վերականգնողական աշխատանքներ են տարվում վնասված հատվածը մաքրելու և երթևեկությունը վերականգնելու համար։