ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. ՀՀ-ում մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը շահագործման կհանձնվի 151 դպրոց։ Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«ՀՀ-ում մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը շահագործման կհանձնվի 151 դպրոց, որոնցից 49-ը նոր կառուցվող, իսկ 102-ը՝ նորոգվող։ Մինչև հաջորդ տարվա դեկտեմբերի 31-ն էլ ևս 47 նորակառույց դպրոց կլինի։ Ընդհանուր առմամբ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 308 դպրոց պատրաստ կլինի, որոնցից 139-ը կառուցված, իսկ 169-ը՝ կապիտալ վերանորոգված։ Սա դպրոցաշինության ոլորտում առկա խնդիրների առումով ամբողջական լուծում չի լինի»,- նշեց Անդրեասյանը։
Խոսելով դպրոցներում բնագիտական և տեղեկատվական լաբորատորիաների մասին՝ նախարարը շեշտեց, որ հանրապետության դպրոցներից շուրջ 800-ն (60 տոկոս) ունեն անհրաժեշտ լաբորատորիաները։ Հաջորդ տարվա բյուջեով նախատեսված է, որ բոլոր դպրոցները կունենան ժամանակակից լաբորատորիաներ՝ հագեցած անհրաժեշտ սարքավորումներով։
Անդրեասյանը դպրոցների ընթացիկ ֆինանսավորման (կոմունալ ծախսեր, աշխատավարձային ֆոնդ) մասին նշեց, որ 2026 թվականին այդ բյուջեն կկազմի 131,6 մլրդ դրամ, դա 64,8 տոկոսով ավելին է նախորդ տարվա համեմատ։