Աֆղանստանի երկրաշարժի հետևանքով 22 մարդ է մահացել, 860-ը` վնասվածքներ ստացել. ԱՀԿ

Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են։ ԱՀԿ-ում կարծում են, որ երկրաշարժի զոհերի թիվը կարող է աճել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Աֆղանստանում գրանցված երկրաշարժի հետևանքով 22 մարդ է մահացել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմեյերը:
«Մեր վերջին տվյալներով՝ 22 մարդ է մահացել, 860-ը` վնասվածքներ ստացել»,– ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Լինդմեյերի խոսքով՝ 400 մարդ հիվանդանոց է ընդունվել բժշկական օգնություն ստանալու համար։ Միևնույն ժամանակ ԱՀԿ-ում նշել են, որ մի շարք բժշկական կենտրոններ մասամբ ավերված են:
Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են։ ԱՀԿ-ում նշում են, որ երկրաշարժի զոհերի թիվը կարող է աճել։
Հիշեցնենք` նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Աֆղանստանում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բալխ նահանգի Խուլմ շրջանում, ցնցումները զգացվել են Աֆղանստանի նահանգների մեծ մասում, այդ թվում՝ Քաբուլում: