ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ոստիկանության գվարդիան չի հեռացվելու պաշտպանական ֆունկցիայից, հակառակը՝ տրվել է թիրախային գործիքակազմ՝ պաշտպանությանը աջակցելու և մասնակցելու։ Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ՀՀ ներքի գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, որ եթե ոստիկանության գվարդիան չի ներգրավվելու սահմանների պաշտպանությանը, հետևաբար ի՞նչ փոփոխություններ են արվել 2026 թվականի բյուջեի նախագծում։
Նշենք, որ նոյեմբերի 1-ին ՀՀ-ում պաշտոնապես գործարկվեց ՆԳՆ ոստիկանության գվարդիան, որի հրամանատար է նշանակվել Հայկ Բաբայանը (նախկինում ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալն էր -խմբ․)։
«ՆԳՆ ոստիկանության գվարդիան չի հեռացվել ՀՀ պաշտպանական ֆունկցիայից, հակառակը՝ տրվել է թիրախային գործիքակազմ՝ պաշտպանությանը աջակցելու և մասնակցելու։ Եթե մենք խոսում ենք լավ կառավարման համակարգից, ապա ՀՀ-ում չի կարող լինել երկու պետական մարմին, որոնք նույն գործառույթներն են իրականացնում։ Հետևաբար, պաշտպանական գերատեսչությունն ունի իր ինքնուրույն գործառույթը, իսկ մնացյալ գործառույթներով աջակցման ֆունկցիա պետք է ունենան մյուս մարմինները»,- ընդգծեց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ոստիկանության գվարդիան ոչ միայն հասարակական կարգի ապահովման, այլև պետական պահպանության, արտակարգ և ռազմական դրության ժամանակ աջակցման, քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության, ուղեկցող ստորաբաժանման ֆունկցիաներ ունի։
Նախարարը շետեց՝ ոստիկանության գվարդիայի ընդհանուր սպառազինությունն ավելացել է, տրանսպորտային միջոցներով նույնպես ապահովված են։