Իրանի հետ միջուկային գործարքը ձախողվեց Արևմուտքի իռացիոնալ քայլերի պատճառով. Ուլյանով

Ռուսաստանցի դիվանագետը մեկնաբանել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Իրանի միջուկային գործարքի ձախողումը պայմանավորված էր Արևմուտքի իռացիոնալ գործողություններով, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
Դիվանագետը հայտարարել է, որ 2022 թվականի մարտից Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) արևմտյան մասնակիցները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, բազմաթիվ հիմնարար սխալներ են թույլ տվել, որոնք, ի վերջո, իրավիճակը փակուղի են մտցրել։
Նրա խոսքով՝ եվրոպացիները փաստացի հրաժարվել են միջուկային գործարքը վերականգնելու բանակցություններից դեռ 2022 թվականի գարնանը, մի քանի ամիս անց էլ նրանց օրինակին հետևել է ԱՄՆ-ն։
Դիվանագետը հիշեցրել է, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՀՀԳԾ–ի վերականգնման բանակցությունները վերջնական փուլ էին հասել։
Նա հավելել է, որ եվրոպացիները հետագայում էլ բազմիցս հրահրել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի սրում ՄԱԳԱՏԷ-ում։
«Նրանց կողմից ներկայացված բանաձևերը, կառավարիչների խորհրդի անդամների յուրահատկության հետ կապված ձայների մեծամասնություն էին ստանում, բայց անմիջապես Թեհրանին պատասխան քայլերի էին դրդում: Սա կրկնվում էր ամեն անգամ։ Կարելի է ասել, որ արևմտականների դիրքորոշումը եղել և շարունակում է մնալ բացարձակապես իռացիոնալ: Հատկանշական է, որ, օրինակ, 2231 բանաձևի երկարաձգման գաղափարն ի սկզբանե պատկանել է եվրոպացիներին, սակայն երբ Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրին համապատասխան բանաձևի նախագիծը, արևմտյան երկրները արգելափակեցին այդ փաստաթղթի ընդունումը: Այս ամենը չափազանց անլուրջ է», – եզրափակել է Ուլյանովը:
Հոկտեմբերին ավարտվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի գործողությունը, փաստաթուղթ, որը 2015 թվականին հաստատեց Իրանի հետ միջուկային գործարքը և միջազգային վերահսկման մեխանիզմներ սահմանեց դրա իրականացման համար:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: