Անկարան Ուկրաինայի հարցով ստամբուլյան հանդիպումների վերսկսման մասին ազդանշաններ չի ստացել

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ պատրաստ են ընդունել ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների չորրորդ փուլը Ստամբուլում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Անկարան ազդանշաններ չի ստացել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր վերսկսման մասին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է Ստամբուլում ընդունել Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների չորրորդ փուլը:
«Մենք նման ազդանշաններ չենք նկատել։ Այդ հարցն ավելի լավ է ուղղել անմիջապես կողմերին», - հայտարարել է գործակալության զրուցակիցը ՝ պատասխանելով Ֆիդանի հայտարարությունից հետո կոնկրետ ազդանշանների առկայության մասին հարցին։
Ռուսաստանն ու Ուկրաինան հունիսին և հուլիսին ուղիղ բանակցությունների երեք փուլ են անցկացրել Ստամբուլում։ Դրանց արդյունքը գերիների փոխանակումն էր և զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինների փոխանցումը Ռուսաստանի կողմից։ Կողմերը նաև փոխանակվել են հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծերով: