ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ծափաթաղում մահացած հայտնաբերված 3 տարեկան Տիգրան Օվանեսովի հայրը կալանավորվեց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Սպանության մեղադրանքով ձերբակալված անձը կալանավորվեց 2 ամսով»,– նշեցին ՔԿ–ից։
Հիշեցնենք` Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Երեխայի դին հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր հայտնեց, որ 3 տարեկան Տիգրանին, ըստ նախնական տվյալների, խեղդել է հայրը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության հոդվածով, նա ձերբակալվել է։ Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն, երեխայի մարմնի և գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ։