ՌԴ դեսպանն ասել է` ինչ ժամկետներում կարելի է վերականգնել Հայաստանով անցնող երկաթուղին

ՌԴ դիվանագետը նշել է, որ ո՞վ և ինչպե՞ս կվերականգնի երկաթուղին՝ գլխավոր հարցը չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հարավում գտնվող երկաթգիծը, որը «Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում Ադրբեջանի հիմնական տարածքը կկապի Նախիջևանի հետ, կարելի է վերականգնվել մոտավորապես երկու տարվա ընթացքում։ Այս մասին APA գործակալությանը հայտարարել է Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ այսօր ճանապարհի 1 կիլոմետրի շինարարությունը կարող է 1 մլն դոլար արժենալ, այսինքն Մեղրիում ամբողջ 43 կիլոմետրանոց հատվածը կարող է արժենալ 43 մլն դոլար։ Միևնույն ժամանակ իշխանությունների 2022 թվականի հաշվարկներով, անհրաժեշտ կլինի 200 մլն դոլար։
«Ճանապարհը ավելի քան 40 կմ երկարություն ունի։ Ռուսաստանցի մասնագետները զննել են այն։ Ճանապարհը կարելի է վերականգնվել մոտավորապես երկու տարվա ընթացքում, քանի որ թունելները քանդված չեն, երկաթուղային համալիրի անհրաժեշտություն չկա», – ասել է Եվդոկիմովը։
Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ ո՞վ և ինչպե՞ս կվերականգնի երկաթուղին, դա գլխավոր հարցը չէ։
«Գլխավոր հարցն այն է, թե որքան արագ կարելի է այն վերականգնել։ Այս ճանապարհը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանը զուգընթաց ևս պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացման համար», – ասել է Եվդոկիմովը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։