Պետական լծակ չի գործելու. ինչ ճանապարհ է առաջարկում Մարուքյանը արցախցիների վերադարձի համար

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը, ի դեմս Հայաստանի, ունի ուժեղ դաշնակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանը դարձել է Ադրբեջանի հանցակիցը` չաջակցելով բռնի տեղահանված արցախցիներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձևի քննարկմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դեմ են քվեարկել այս բանաձևին։ Ավելին ` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի տեղեկություններով` ՔՊ-ականները նաև եվրոպացի տարբեր պատգամավորների են հորդորել կողմ չքվեարկել փոփոխության առաջարկին։
Մարուքյանի պնդմամբ` այսպիսի քայլով ՀՀ–ն դառնում է Արցախի էթնիկ զտման մասնակից։
«Հիմա Ադրբեջանն ունի ամենաուժեղ դաշնակիցը միջազգային բոլոր հարթակներում, և դա, ըստ էության, Հայաստանն է, որովհետև միջազգային մեղադրանքները կարող են սրբվել Ադրբեջանի վրայից միայն Հայաստանի աջակցությամբ։ Իսկ Հայաստանի աջակցությունը լռելն է, չբարձրաձայնելն է, արհամարհելն է մարդու իրավունքների այն բոլոր զանգվածային ոտնահարումները, որոնք որ տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում»,– ասաց նա։
Էդմոն Մարուքյանին չի զարմացնում ո՛չ այն փաստը, որ ՔՊ–ն է դեմ քվեարկել, ո՛չ էլ այն, որ համոզել է նույնկերպ քվեարկել որոշ եվրոպացի գործընկերներին։ Անգամ գուշակում է, թե ՔՊ–ն ինչ փաստարկներ է ներկայացրել նրանց համոզելու համար։
«Դե, երևի ասել են` «դա խաղաղության գործընթացի վրա վատ կազդի, և այլն, և այլն...», այնպես որ, նորմալ է այլ երկրների արձագանքը, որոնք ասում են` մենք չենք կարող ավելի շատ անհանգստանալ հայ մարդկանց իրավունքների համար, քան հենց ինքը` Հայաստանի Հանրապետությունը»,– նշում է Մարուքյանը։
ՀՀ–ն Ադրբեջանի հետ պայմանավորվել է միջազգային հարթակներում գործակցել և հանդուրժող լինել
Նա վստահ է` գործող իշխանության օրոք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերադարձի հարցը չի լուծվի, քանի որ այն «արհամարհված և մի կողմ նետված է»։
Միջազգային կառույցներում այս հարցի բարձրաձայնման միակ տարբերակը, ըստ Էդմոն Մարուքյանի, անհատական մոտեցումն է, օրինակ` իրավապաշտպան կառույցների միջոցով։ Նա վստահ է` պետական որևէ լծակ, որևէ մեխանիզմ այդ գործի համար չի օգտագործվելու։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Հոկտեմբերի 1-ի տվյալով` Լեռնային Ղարաբաղից տեղահանված 19 246 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 12 564 անձի։
Հայտնի է` Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է տուն ձեռք բերել հավաստագրով