Հայաստանում 5 նոր ջրամբարի կառուցման աշխատանքները կսկսվեն 2026 թվականին. նախարար

Ջրամբարների վերազինման համար 2026թ․ բյուջեում նախատեսված է 264,3 միլիոն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik․ Հաջորդ տարի Հայաստանում կմեկնարկեն 5 նոր ջրամբարի կառուցման աշխատանքները։ 2026թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«5 ջրամբարները Հանրային ներդրումային կոմիտեի կողմից արժանացել են դրական եզրակացության, նախագծերը պատրաստ են, և 2026թ․ կսկսենք Քասախի, Ելփինի, Լիճքի, Արթիկի և Աստղաձորի ջրամբարների շինարարական աշխատանքները։»,- ասաց Խուդաթյանը։
Նախարարի խոսքով՝ 2026թ․ 12 ջրամբարի մասով ձեռք կբերվեն տեխնիկատնտեսական հաշվարկներ։ Աշխատանքների համար նախատեսված է 1 միլիարդ դրամ։
Խուդաթյանը հավելեց, որ ջրամբարների վերազինման համար 2026թ․ բյուջեում նախատեսված է 264,3 միլիոն դրամ։
Բացի այդ, շարունակվելու է Ախուրյան գետի վրա (Շիրակի մարզ) Կապսի խոշոր ջրամբարի շինարարությունը, որն իրականացվում է գերմանական KFW բանկի ֆինանսական աջակցությամբ: Նախարարի խոսքով՝ նախագծի աշխատանքները որոշակիորեն հետ են մնում սահմանված ժամանակացույցից։ 2026 թվականին գերատեսչությունը կապալառու չինական ընկերությունից ակնկալում է տեմպերի զգալի արագացում, ինչպես նաև ապագա ջրամբարի գոտում գտնվող Ջրաձոր գյուղի բնակիչների վերաբնակեցման նախապատրաստական աշխատանքներ:
Նախարարը նաև նշեց, որ ուշանում է ևս մեկ խոշոր օբյեկտի՝ Վեդու ջրամբարի շինարարության ավարտը, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության միջոցներով:
Հիշեցնենք, որ 2024թ․ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այդ պահին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանը հայտարարել էր, թե 2025 թվականին Հայաստանում 5 փոքր ջրամբարների շինարարություն կսկսվի։ Նա նաև հայտնել էր, որ պատրաստ են նաև 28 շատ փոքր ջրամբարների նախագծերը։ Փոքր ջրամբարներն օգնում են կարգավորել խոշոր ջրամբարներից դեպի ջրանցքներ ջրի մատակարարումը: