ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik․ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն այսօր դիմել է` դադարեցնելու ավագանու անդամի իր լիազորությունները։ Համբարձումյանը կալանավորվելուց հետո իր առաջին ուղերձն է հղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։
«Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից։ Խնդրում եմ համայնքային իշխանությունների հետ միասին շարունակել արարել, աշխատել, ապրել և արժանապատիվ հայ մնալ՝ հանուն մեր համայնքի և մեր երկրի ապագայի»,–գրել է նա։
Համբարձումյանը շեշտել է, որ բանտախցում է գտնվում անթաքույց քաղաքական հետապնդման հետևանքով։ Նրա խոսքով` երկրում մոլեգնող քաղաքական բռնաճնշումները չեն շրջանցել ոչ միայն իրեն, այլև տասնյակ և հարյուրավոր այլ հայրենակիցների։
«Սակայն գործող ռեժիմի բիրտ ճնշումները և աղաղակող ապօրինություններն ի վիճակի չեն կոտրել մեզ և զրոյացնել ավելի լավ, ավելի ուժեղ և ավելի արժանապատիվ հայրենիք ունենալու մեր ցանկությունն ու երազանքը»,–գրել է նա։
Համբարձումյանն ընդգծել է, որ գործող վարչախումբը, օգտագործելով պետական համակարգի ռեպրեսիվ գործիքները, ջանքեր է գործադրում զավթել երկրում ամեն ինչ։
Հիշեցնենք` Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով։ Հաջորդ օրը նա գրառում արեց սոցցանցում` հայտնելով, որ իրեն մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա, ինքն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում և փախչելու մտադրություն չունի։
Նշենք, որ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ–ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:
Մասիսի համայնքապետը հոկտեմբերի 28–ին կալանավորվեց «Զվարթնոց» օդանավակայանում։