ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը իր կրտսեր եղբորը՝ Էնդրյուին, զրկել է արքայազնի տիտղոսից և վտարել Վինձորի «Royal Lodge» տնից, որպեսզի հեռու պահի թագավորական ընտանիքից՝ Ջեֆրի Էպշտեյնի (1953-2019) շուրջ ծավալված սեռական սկանդալի հետ կապի պատճառով։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատին։
Էնդրյու Մաունթբեթեն Վինձորը, պալատի որոշման համաձայն, կտեղափոխվի մեկ այլ` Անգլիայի արևելքում գտնվող Սանդրինգհեմ կալվածք։
65-ամյա Էնդրյուն ավելի վաղ հրաժարվել էր Յորքի դքսի տիտղոսից։ Վերջին տարիներին նա ճնշման է ենթարկվում իր վարքագծի և սեռական բռնության մեջ մեղադրված Էպշտեյնի հետ կապերի պատճառով։ 2022 թվականին նրան զրկեցին զինվորական կոչումներից և թագավորական արտոնություններից՝ սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքների պատճառով։
Հարկ է նշել, որ արքայազնի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, նույնպես կզրկվի իր տիտղոսից։