Ավինյանը պնդում է, որ ավտոբուսներում տուգանքներն արդյունք են տվել. եկամուտներն ավելացել են

Երևանի քաղաքապետի խոսքով՝ հիմա ստուգումներն առավել թիրախային են իրականացվում այն երթուղիներում, որտեղ կրկնվող դեպքեր կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik․ Հանրային տրանսպորտում չվճարող ուղևորներին տուգանելու մեխանիզմն արդյունք է տվել։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ եկամուտները մոտ 20 տոկոսով ավելացել են։
«Ահռելի թվերի տարբերություն է տվել, և իրականում ուղղակի հանգիստ և անվճար երթևեկող քաղաքացիների թվի էական նվազում ունենք։ Հիմա տուգանքներն իրականացնելիս ավելի կետային ենք աշխատում, հասկանում ենք՝ կոնկրետ որ գծերի վրա կան կրկնվող դեպքեր»,- նշեց Ավինյանը։
Հիշեցնենք` օրենսդրական վերջին փոփոխությունների համաձայն` հանրային տրանսպորտից օգտվող ուղևորը կտուգանվի, եթե մեկ րոպեի ընթացքում չվավերացնի իր տոմսը։ Եթե քաղաքացին օգտվում է զեղչված կամ անվճար տոմսից, սակայն չի վավերացնում այն տրանսպորտի մեջ, կտուգանվի 3000 դրամով։ Եթե տոմս էլ չունի ու չի վճարել՝ 10 հազար դրամով։ Ավելի խիստ է տուգանքը, եթե արտոնություն ունեցող քաղաքացու զեղչված կամ անվճար փաթեթով այլ մարդ երթևեկի։ Այս դեպքում տուգանքը 15 հազար դրամ է։
Այս տարվա հուլիսի 14–ից ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի վճարման կարգը խախտելու համար 3-ից 15 հազար դրամ տուգանելու որոշումը, օգոստոսից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչները սկսել են տուգանել չվճարող ուղևորներին։