ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Նիդեռլանդներում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Անի Զալինյանը մանդատ ստացավ և դարձավ երկրի խորհրդարանում հայկական ծագում ունեցող առաջին ներկայացուցիչը։
Անի Զալինյանի թեկնածությունն առաջադրել էր ձախակողմյան կուսակցությունների՝ «Աշխատանքի կուսակցություն» և «Ձախ կանաչներ» («GroenLinks-PvdA») դաշինքը, նրա ընտրությունը նշանակալի քայլ է Նիդեռլանդների քաղաքականության մեջ ազգային բազմազանության և ներառականության ապահովման գործում։
Նիդեռլանդներում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցան ընտրություններ, որոնց արդյունքում հաղթանակ տարավ «Դեմոկրատներ 66» կուսակցությունը, որը ստացավ խորհրդարանի 150 տեղերից 27-ը։ Ծայրահեղ աջակողմյան «Ազատություն» կուսակցությունը, որը զիջեց ընդամենը մի քանի տասներորդական տոկոսով, նույնպես 27 տեղ ստացավ։
Աջ-լիբերալ «Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը» զբաղեցրեց երրորդ տեղը՝ 22 մանդատով։ Անի Զալինյանի թեկնածությունը առաջադրած «GroenLinks-PvdA» դաշինքը խորհրդարանում ապահովեց 20 տեղ, ինչն ավելի քիչ է նախորդ ընտրություններում ստացած 25-ի համեմատ։
Մինչև խորհրդարանում ընտրվելը իրավաբան Անի Զալինյանը Նիդեռլանդների արևմուտքում գտնվող Հեմսկերկ քաղաքում քաղխորհրդի պատգամավոր էր։ Այնտեղ նա պատասխանատու էր այնպիսի հարցերի համար, ինչպիսիք են բնակարանաշինությունը, տարածական պլանավորումը, կլիմայի փոփոխությանը հարմարվելը և շրջակա միջավայրի պաշտպանությունը։