ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջին անգամ նամակ է գրել կալանավայրից։
Նա իր զորակցությունն ու երախտագիտությունն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր 2025 թվականի հոկտեմբերի 20-ին մասնակցում էին բողոքի ակցիային։
«Ես տեղյակ եմ, որ Վարդանանց հրապարակում խաղաղ բողոքի մասնակիցների` շուրջ հինգ տասնյակի նկատմամբ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեկ շաբաթ է` առանց ընդհատումների, «non stop» ռեժիմով, բավարարում է քննիչների կողմից ներկայացված կալանքի միջնորդությունները:
Ես զորակցում եմ բոլոր նրանց, ովքեր հայտնվել են շինծու մեղադրանքների թիրախում և դատապարտում եմ նրանց դեմ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը»,– գրել է նա։
Նա կոչ է արել գյումրեցիներին անհոգ լինել ու թեպետ ընդհատվել են յուրաքանչյուր շաբաթ օրվա հանդիպումները, սակայն ժամանակավոր այդ ընդհատումը, ըստ Ղուկասյանի, կլրացվի:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները սկսեցին ձերբակալությունները։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։