ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հունգարիան չի բացառում, որ հոկտեմբերի 20-ին ռուսական նավթ օգտագործող Սազխալոմբատայի նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած վթարը «արտաքին հարձակման» արդյունք է եղել։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը համապատասխան գրառում է կատարել X սոցցանցում։
Նա նշել է, որ հետաքննությունն ընթանում է մեծ թափով։
«Մինչև հիմա չգիտենք՝ դա դժբախտ պատահա՞ր էր, անսարքությո՞ւն, թե՞ արտաքին հարձակում», – գրել է Օրբանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Հունգարիայի MOL նավթավերամշակման գործարանում հրդեհ էր բռնկվել ու մի շարք պայթյուններ որոտացել։ Միջադեպը տեղի է ունեցել Բուդապեշտից հարավ գտնվող Սազխալոմբատայում` Դանուբի նավթավերամշակման գործարանի տեխնոլոգիական բլոկում։ Պատճառների մասին չեն հայտնել։ Սակայն ԶԼՄ–ներում շրջանառվող վարկածներից մեկի համաձայն` դա ահաբեկչություն էր ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ռուսական էներգետիկ ռեսուրսների եվրոպացի գնորդների դեմ։